Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իսկ որն է մե՛ր այցեքարտը

Իսկ որն է մե՛ր այցեքարտը
31.10.2013 | 12:11

Հայտնի է, որ յուրաքանչյուր էթնոս, դարերով ապրելով և արարելով որևէ աշխարհագրական տարածքում, մշակում է իր համար վարվեցողության, պահվածքի որոշակի նորմեր և դրանցով ներկայանում մյուս ազգերին` որպես մի յուրահատուկ ամբողջություն, գուցե և անկրկնելի։ Դարերի ընթացքում պահվածքի, մտածելակերպի ձևերից լավագույնները դառնում են համամարդկային սեփականություն, նաև տվյալ ազգի այցեքարտը։ Այսպես, Հին Հռոմի մշակույթից մեզ են հասել բազմաթիվ թևավոր խոսքեր, ասույթներ, որոնցից օգտվում են այլ ազգերի բազում ներկայացուցիչներ։ Շատ ազգեր աչքի են ընկնում այնպիսի յուրահատուկ պահվածքով, որ, նրանցից յուրաքանչյուրի մասին խոսելիս, անմիջապես շեշտվում են հենց այդ յուրահատկությունները։ Այսպես, երբ խոսք է բացվում գերմանացիների մասին, գրեթե միշտ հիշում ենք նրանց ճշտապահությունը, խոսելու հրամայական տոնը, ֆրանսիացուն հիշելիս` նրա սիրալիությունը, հաճոյախոսությունը, հրեաների խորաթափանցությունը, ռուսի հանդուրժողականությունը, բարյացակամությունը և այլն։ Բնական հարց` իսկ որն է մե՞րը, այն բնորոշը, յուրահատուկը, որ ուրիշների մոտ կա՛մ չկա, կա՛մ նվազ ընդգծված է։ Ասենք` հայ ասելիս մեր դեմ հառնում է ազնիվ, մտածող, ստեղծագործող, վեհ գաղափարներով ապրո՞ղ, թե՞ խաբող, «գցող», ցուցադրվող, շատ փող ու մեքենա սիրող, խաշ ու խորոված ուտող, մեծ փորով ու ճաղատ գլխով մեկը։ Իմ առաջին «հանդիպումը» հայկական մենթալիտետի հետ դեռևս բանակում ծառայելու տարիներին էր։ Երեսուն հայ էինք մի գնդում։ Մի քանի շաբաթում կազմակերպեցինք մի քանի ծեծուջարդ, գողություններ, իրար վրա գոռգոռում էինք, հրամկազմին չէինք ենթարկվում, խաբում էինք, այնպես որ, հրամանատարությունը ստիպված մեր խումբը այնպես ցրեց, որ ամեն մի գումարտակում կամ վաշտում հայտնվեց 1-2 հայ` «Նույն տեղում մեկ հայը քիչ է, երեքը` շատ» սկզբունքով։ Այդ օրերից շատ ջրեր են հոսել, անցել է ավելի քան հիսուն տարի, բայց արդյո՞ք շատ բան է փոխվել մեր վարվելակերպում։ Միանշանակ պատասխանելը դժվար է։ Ո՞ր գծերը գերադասենք մեր մեջ աշխարհին ներկայանալու համար, արդեն ոչ թե լոկ ազգ, այլ որպես պետական միավոր ազգ։ Ո՞րը գերադասենք` զինվո՞ր, գիտնակա՞ն, սպորտսմե՞ն, թե՞ առևտրական, ուրիշի ապրանքը գովազդող, խաբող ու գոռոզ։ Այս վատ հատկանիշները, ըստ իս (եթե ճիշտ չեմ` ներողություն և ավելի ուրախ կլինեմ), գնալով ավելի են ամրապնդվում։ Բայց մի բան ինձ հուսադրում է, որ նշված վատ հատկանիշները դժվար թե զուտ մերը լինեն, քանզի դարեր շարունակ մեզ իշխել են, այլազգիների հոռի դրսևորումներն անցել են մեզ, չէ՞ որ վատ օրինակը միշտ վարակիչ է։ ՈՒնենալով անկատար հիմք` լավ վերնաշենք չէինք կարող կառուցել։ Լավ բազիս, լավ վերնաշենք` այս հարաբերությունն է, որ ինձ տանջում է, քանզի մենք կարող ենք մոտակա գոնե երեսուն տարում բարելավել մեր վերնաշենքը, որի բաղադրիչներից են նաև էթիկայի նորմերը։ Որքան ցածր է մեր ապրելակերպը, այնքան ցածր են մեր միջանձնային դրսևորումները։ Շատ հարուստների և շատ աղքատների առկայությունը ստեղծում է անհանդուրժողականություն իրար նկատմամբ, ասում են, չէ՞, «շատ փող` երկար լեզու»։ Ակնհայտ է, որ հասարակության մեջ վեհի, գեղեցիկի կրողը հիմնականում երիտասարդությունն է, մանավանդ նրա ուսանող խավը։ Մեր դպրոցական տարիներին դպրոցի բոլոր երիտասարդ տղա մանկավարժները փողկապ էին կրում, և մեր տատիկները, նրանց տեսնելիս, ասում էին. «Հիշկում ես` շնորհքը վրայից թափվում ա»։ Իսկ հիմա ո՛չ դպրոցում, ո՛չ բուհում երիտասարդ դասախոսներից շատերը փողկապ չեն կրում։ Լավ է, երբ երիտասարդը չարաճճի է, հումորով, և դա տեղավորվում է չափի մեջ։ Ճարտարագիտական համալսարանում ուսանելու տարիներին մեր դասախոսներից մեկը մի երիտասարդի նախատեց` ասելով` չարաճճի էլ եղեք, բայց սովորեք մարդու մեջ սիրել մարդկայինը։ Այդ միտքը մինչ օրս ուղեկցում է ինձ, որպես մի ողջ կենսափիլիսոփայություն։ Դպրոցը, ընտանիքը, շրջապատը, բուհերի դասախոսները պետք է երիտասարդների մեջ ամրապնդեն մարդկային հատկանիշները, որպեսզի աշխարհին ներկայանանք այնպիսի այցեքարտով, որից չամաչենք։ Բժշկական համալսարանում ուսանելու տարիներից հիշում եմ լուսահոգի պրոֆեսորներ Մխեյանին, որ այնքան չէր սիրում «լոպազներին», և պրոֆեսոր Գևորգյանին, որի տեսքը, պահվածքը, շփվելը ուսանողի մեջ արթնացնում էին միայն վեհ դրսևորումներ։ Հետևենք նրանց օրինակներին։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բժիշկ

Դիտվել է՝ 28741

Մեկնաբանություններ